Լրահոս

10 փաստ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսայի» ելույթների մասին

Կատալոնական «Բարսելոնան» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում եւ առաջին տեղը գրավելով՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Թիմին  բարդ ուղի է սպասվում, իսկ մինչ այդ ուղուն հասնելը՝ առաջարկում ենք 10 հետաքրքիր փաստ՝ խմբային փուլում «Բարսայի» ելույթների մասին:

1. Ամենաճշգրիտ փոխանցումներ կատարած թիմ. Կապտանռնագույններն ամենից ճշգրիտն են փոխանցումներ կատարել խմբային փուլի ընթացքում: Բոլոր 32 թիմերի ցուցակը փոխանցումների 92 տոկոս ճշգրտությամբ գլխավորում է հենց մեր թիմը: Բոլոր վեց խաղերում ֆուտբոլիստները կատարել են 3862 փոխանցում (644՝ յուրաքանչյուր խաղում):

2. Նվազագույն անկյունայիններ՝ սեփական դարպասին. «Բարսան» իսպանական մյուս թիմի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ միասին ամենաքիչ անկյունայիններն է ունեցել սեփական դարպասի ուղությամբ: Վեց խաղում թիմի դարպասի ուղությամբ 14 անկյունային է եղել: Այլ կերպ ասած՝ միջինը 2,33 անկյունային՝ մեկ խաղում:

3. Գնդակին տիրելու առավելագույն տոկոս՝ մեկ խաղում. Կիպրոսի ԱՊՈԷԼ-ի դեմ արտագնա խաղում կատալոնացի ֆուտբոլիսատների տարածքային առավելությունը կազմել է 74 տոկոս: Դա ավելին է, քան ցանկացած այլ թիմի ցանկացած այլ խաղում գրանցած ցուցանիշը:

4. Տարածքային առավելության միջին ցուցանիշով երկրորդը. Միայն Մյունխենի «Բավարիան» է, որ առաջ է անցել «Բարսելոնայից»՝ տարաքային առավելության միջին ցուցանիշով: Մյունխենցիների միջին ցուցանիշը 64 տոկոս է, իսկ կապտանռնագույններինը՝ 63:

5. Լեո Մեսսին ռմբարկուների ցուցակում երկրորդն է. «Ոսկե Գնդակի» քառակի դափնեկիրը վեց խաղում ութ գոլ է խփել: Այդ ցուցանիշով Լեոն զիջում է միայն Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյին, ով 9 գոլ է խփել: Բացի այդ՝ խփած ութ գոլերը օգնեցին արգենտինացուն դառնալ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոգավաթների պատմության լավագույն ռմբարկու (75 եւ 76 գոլ):

6. Պիկեի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 99 տոկոս. «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կատարել է 216 փոխանցում, որից 214-ը ճշգրիտ են եղել (99%): Այս ցուցանիշով Պիկեն զիջում է միայն «Անդերլեխտի» պաշտպան Մայքլ Հեյլենին եւ Կոստաս Ջյանուլիսին՝ «Օլիմպիակոսից» (100%): Սակայն վերջիններս 6 եւ 2 րոպե են անցկացրել խաղադաշտում՝ համապատասխանաբար, մինչդեռ Պիկեն 360 րոպե է խաղացել:

7. Մեսսին ամենաճշգրիտ փոխանցումներ կատարած հարձակվողն է. Լեոն մասնակցել է թիմի բոլոր խաղերին: Վեց խաղում Լեոյի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 87 տոկոս: Նա կատարել է 267 փոխանցում:

8. Դանի Ալվեսը երկրորդ ամենաշատ փոխանցում կատարած պաշտպանն է. Բրազիլացին մասնակցել է ակումբի 6 հանդիպումներից հինգին: Այդ ընթացքում աջ եզրայինը հասցրել է 340 փոխանցում կատարել: Միայն «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին է գերազանցում Ալվեսին՝ 461 փոխանցում, սակայն վերջինս մեկ խաղ ավել է անցկացրել:

9.  Մարկ Բարտրան ամենաքիչ կանոնները խախտող պաշտպանն է. Մեր ապագան, երիտասադ կենտրոնական պաշտպանը մասնակցել է խմբային փուլի 5 խաղի, որոնց ընթացքում ընդամենը մեկ անգամ է խախտել կանոնները: Եւս 41 ֆուտբոլիստ գրանցել է նմանատիպ ցուցանիշ, որոնց մեջ անցկացրած րոպեների թվով Բարտրան չորրորդն է:

10. Նեյմարի նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները. Բրազիլացի հարձակվողի նկատմամբ կանոնները խախտել են 21 անգամ: Նեյմարը մասնակցել է հինգ խաղի՝ միջինը 4,2 խախտում՝ ամեն խաղում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 6 խաղում վաստակեց 13 միավոր եւ խմբում գրավեց առաջին հորիզոնականը:

Մեկնաբանություններ

Previous post

Պաշտպանի փնտրտուքով. «Բարսելոնայի» հերթական թիրախը Թուրինից է

Next post

Բարտոմեուն պատասխանեց սուր քննադատություններին

Spartak Petrosyan

Spartak Petrosyan