ԲլոգԼրահոս

2014-ի ամենահիշարժան պահերը «Բարսելոնայում» (Ֆոտոշարք)

Ավարտվեց եւս մեկ տարի: Լավ  եւ վատ, ձեռքբերումներով եւ կորուստներով, ուրախությամբ եւ հիասթափությամբ: MD-ի օգնությամբ ձեզ ենք ներկայացնում ակումբի՝ ավելին քան ակումբի ամենահիշարժան պահերը անցած տարվա ընթացքում: Գնացինք.

1. Լեո Մեսսին գերազանցում է Տելմո Սառայի եւ Ռաուլի ռեկորդները

Շատերի կարծիքով հեռու լինելով իր լավագույն մարզավիճակից՝ Լեո Մեսսին կարողացավ ապացուցել իր՝ բոլորից մեկ գլուխ բարձր լինելու փաստը: Նոյեմբերի 22-ին Լեոն դուրս եկավ «Նոու Կամպ», Սեւիլյայի դեմ խաղում հետ-տրիկի հեղինակելով՝ շրջանցեց Տելմո Սարային եւ 254 գոլով դարձավ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկու: Ընդամենը երեք օր էր անցել, երբ Լեոն արդեն Կիպրոսում՝ ԱՊՈԷԼ-ի դեմ ՉԼ-ի խաղում դարձավ հետ-տրիկի հեղինակ եւ այս անգամ շրջանցեց Ռաուլին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու՝ 72 գոլով: Լեո՝ ֆուտբոլի Արքան:

2. Մահացավ Տիտո Վիլանովան

Անկասկած, ակումբի համար ամենացավալի պահը եղավ ապրիլի 25-ին: Երկուս ու կես տարի պայքարելով քաղցկեղի դեմ, Տիտոն չկարողացավ շարունակել այդ պայքարն ու հեռացավ… Տիտոն թիմի հետ էր լավագույն տարիներին: Հենց նա էր Պեպի օգնականը, երբ նվաճեց «Բարսան» ամեն ինչ: Իսկ գլխավոր մարզչի դերում անցկացրած մեկ տարում Տիտոն ռեկորդի հեղինակ դարձավ՝ Լա լիգայում 100 միավոր վաստակելով:

3. ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք սահմանեց

ՖԻՖԱ-ն հետաքննություն սկսեց կատալոնական ակումբի դեմ՝ անանուն բողոք ստանալուց հետո: Մեղադրելով ակումբին մանկապատանեկան ֆուտբոլում որոշ կանոնների խախտման մեջ՝ արգելեց տրանսֆերներ իրականացնել մինչեւ 2016-ի հունվարի մեկը: Սակայն ակումբը կարողացավ բողոքարկել եւ հնարավորություն ստանալ ամռանը կատարել ձեռքբերումներ: Գործը դեռեւս ընթացքի մեջ է, իսկ հունվարին թիմը չի կարողանա տրանսֆերներ իրականացնել:

4. Սանդրո Ռոսելին փոխարինեց Խոսեպ Մարիա Բարտոմեուն

Այդ սկանդալային դեպքերից հետո Ռոսելը ստիպված եղավ հրաժեշտ տալ ակումբին: Իսկ նրա աթոռը ժամանակավորապես զբաղեցրեց Խոսեպ Մարիա Բարտոմեուն: (Մինչեւ 2016 թվականը:)

5. Իսպանիայի առաջնության եւ գավաթի փոխչեմպիոններ

Տատա Մարտինոն այդպես էլ չկարողացավ տիտղոս նվաճել 2014-ին: Շատ մոտ լինելով Լա լիգայի չեմպիոն հռչակվելուն, վերջին տուրում ոչ ոքի խաղաց «Ատլետիկոյի» դեմ եւ զբաղեցրեց միայն երկրորդ տեղը:  Իսկ գավաթի եզրափակչում «Էլ կլասիկո» էր, որում 2-1 հաղթեց մրցակիցը:

6. Լուիս Էնրիկեն նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

Մարդ, ում հետ հույսեր կապել են բոլորը: Մենք սպասում ենք ոչ թե տիտղոսների, այլ տիտղոսի: Մենք սպասում ենք «Պեպի Բարսելոնայի» կրկնությանը: Սպասում ենք, ու հավատում, որ ցնծալու ենք եւ հպարտանալու: Հավատում ենք քեզ, Լուչո՜:

7. Երիտասարդների առաջնության չեմպիոն

Տարվա ամենապոզիտիվ լուրը, թերեւս, երիտասարդներից էր: «Բարսելոնա Բ»-ն՝  Խորդի Վինյալսի գլխավորությամբ, դուրս եկավ երիտասարդների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ Տարինի գոլի ու Մունիրի դուբլի շնորհիվ հաղթեց «Բենֆիկային»՝ դառնալով ՉԼ գավաթակիր: ՖԻՖԱ-ի կիրառած սանկցիայից հետո տղաներն ապացուցեցին, թե ովքեր են լավագույնը Եվրոպայում:

8. Լուիս Սուարեսի տրանսֆերը

Ուրուգվայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»:4-ամսյա որակազրկումը կրելուց հետո Սուան դուրս եկավ խաղադաշտ «Էլ կլասիկոյի» շրջանակներում եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Մենք վստահ ենք, որ Լուիսը կարդարացնի մեր բոլոր սպասելիքները:

Տարին ավարտվում է, սակայն չի ավարտվում պայքարը: Մեկ շաբաթ անց բոլորս կրկին կգամվենք հեռուստացույցի առաջ, կդադարենք շնչել մոտ 90 րոպե, կրկին կհպարտանանք մեր հզոր ակումբով:

Վերջն էլ այնպես, ինչպես միշտ՝ Visca el Barca y Visca Catalunya:

Սպասելիքներով, հավատով ու հպարտությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

 

 

Մեկնաբանություններ

-4cVozjzMNE
Previous post

Արքան. Լեոյի լավագույն գոլերը 2014 թ-ին (Վիդեո)

B3EtxCGIQAAMKUc
Next post

Հայացք ոչ հեռու անցյալին. Հպարտության րոպեներ, որ երբեք չեն մոռացվի (Վիդեո)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan