ԲլոգԼրահոս

Գլուխկոտրուկ՝ Կատալոնիայի մայրաքաղաքում

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր կատալոնական «Բարսելոնան» հայտնվել է բարդ իրավիճակում: Թիմի առաջատար Լիոնել Մեսսին շարքից դուրս է մնացել երկու ամսով, մոտ կես տարի չի խաղա Ռաֆինյա Ալկանտարան, իսկ Անդրես Ինյեստան մեկ ամիս չի խաղա: Այս ամենը գումարվել է տրանսֆերային արգելքին, որի պատճառով ՖԻՖԱ-ն չի թույլատրել «Բարսային»  հինգ ամսից ավելի ժամանակով բացակայող Ռաֆինյայի փոխարեն հայտավորել Արդա Թուրանին:

Որտե՞ղ է խնդիրը.

Խնդիրը Լուիս Էնրիկեի թիմի պաշտպանության կամ դարպասապահի մեջ չէ: Խնդիր կա կիսապաշտպանությունում, որտեղ այս տարի զգացվում է Չավիի պակասը: Իսպանացի վետերանը կարողանում էր գնդակ պահել, կոպիտ սխալներ չանել, վստահություն ներշնչել թիմին ու լինել իսկական ավագ: Ինյեստան ու Ռակիտիչը, մեղմ ասած, լավագույն մարզավիճակում չեն, ինչի պատճառով էլ տուժում է հարձակումը: Եվ հավատացե՛ք, անգամ Մեսսիի բացակայությամբ հարձակումը չի թուլանում այն աստիճանի, որ չստացվի գրավել «Էյբարի» կամ «Խետաֆեի» կարգի թիմերի դարպասը (վերջապես` «Սելտա» 4:1 «Բարսա» խաղում Մեսսին էլ էր խաղադաշտում):

Ի՞նչ անել.

Ինյեստայի վերադարձի դեպքում կարելի է կատարել տակտիկական փոփոխություն ու խաղալ 4-4-2 դասավորությամբ: Ամենաօպտիմալ կազմն այս պահին կլինի՝ Բրավո — Ալբա, Պիկե, Բարտրա, Ալվես –  Ինյեստա, Բուսկետս, Մասկերանո, Ռակիտիչ – Սուարես, Նեյմար:

Խաղի ընթացքում հնարավոր է վերադառնալ հարազատ սխեմային՝ խաղադաշտ մտցնելով Մունիր-Սանդրո զույգից մեկին: Երկրորդ խաղակեսում խաղի մեջ հաջող կարող է մտնել նաեւ Սերժի Ռոբերտոն, ով բավական լավ մարզավիճակ է հավաքել: Իրեն դրսեւորելու հնարավորություն կարող է ստանալ նաեւ Գումբաուն՝ որպես թարմ ուժ փոխարինելով Ռակիտիչին:

Խաղը  կարելի է կառուցել Նեյմարի շուրջ: Երկու խաղ անընդմեջ բրազիլացին «օգտվեց» Լեոյի բացակայությունից ու խաղն ավելի հաճախ իր վրա վերցրեց: Ժունիորի խաղը վերջին երկու տարիներին բավական զարգացել է: Անհատական խաղին փոխարինել են որակյալ, գրագետ, փայլուն փոխանցումները, որոնց շնորհիվ հարձակման գծում աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով ու թիմակիցներին դուրս է բերում հարվածային դիրք: Ասել է, թե անում է այն ամենը, ինչն անում էր Լեո Մեսսին: Ժամանակի ընթացքում ընդգծվում է, որ հենց բրազիլացին է լինելու «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի արժանի փոխարինողը:

Պաշտպանությունում արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում: Եզրայիններն ապաքինվել են, իսկ կենտրոնում՝ Պիկեի կողքին, կարելի է տեղ վստահել Մարկ Բարտրային: Ժերեմի Մատյոն ու Մասկերանոն այս մրցաշրջանում չեն փայլում, իսկ երիտասարդ կենտրոնականը լավ մարզավիճակում է: Կիսապաշտպանությունում, անկեղծ ասած,  հրաշքներ գործել հնարավոր չէ: Կան Ինյեստան, Ռակիտիչը, Գումբաուն եւ Ռոբերտոն (չհաշված հենակետայիններին): Ինյեստան պետք է փորձի ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը (դժվար թե կարողանա), աչքի ընկնի յուրօրինակ գործողություններով: Ռակիտիչն էլ իր հերթին պետք է ավելի շատ վերցնի խաղն իր վրա, կատարի խաղը սրող փոխանցումներ, համագործակցի Նեյմարի եւ Սուարեսի հետ, աշխատի դաշտի ողջ լայնքով: Լուիս Էնրիկեի միակ հույսն այս պահին կիսապաշտպանության բարձրակարգ ֆուտբոլն է:

Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա Մունիր-Սանդրո զույգից նախընտրելի է Սանդրոն: Գուցե հուզվում է, գուցե սխալվում է, բայց մրցակցի պաշտպաններին հանգիստ չի թողնում, ինչը նույնպես կարեւոր է:

Առանց Ինյեստայի ու Մեսսիի տակտիկական փոփոխություններ կատարելն անիմաստ է: Բրավո — Ալբա, Պիկե, Մատյո, Ռոբերտո — Բուսկետս, Ռակիտիչ, Մասկերանո — Սուարես, Նեյմար, Սանդրո կազմն այս պահին ամենաօպտիմալն է:

Կատալոնական ակումբին դժվարին փորձություն է սպասվում: Ճիշտ է, ամենաբարդ հանդիպումն արդեն անցյալում է, բայց մյուս խաղերում էլ հաղթանակները հեշտ չեն տրվելու: Լուիս Էնրիկեն իր թիմի հետ միասին բոլորին պետք է ապացուցի, որ իր ստեղծած չեմպիոնական թիմն ունակ է դուրս գալ անգամ անելանելի իրավիճակից:

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

«Արսենալյան սինդրոմը». «Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 2:1 (Բլոգ+Ֆոտո+Վիդեո)

Next post

Մեսսիի գոլերը՝ կախած հարվածով (Տեսանյութ)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan