ԲլոգԼրահոս

Անխիղճ մեքենան եւ ֆուտբոլի Արքան. «Բարսելոնա»-«Լեւանտե»՝ 5-0

Կատալոնական անխափան մեքենան, Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, սեփական «Նոու Կամպում» հյուրընկալել էր «Լեւանտեին»: Առաջին շրջանի խաղում 5-0 հաշվով տարած հաղթանակը հուշում էր, որ այսօր նույնիսկ կիսապահեստային կազմով թիմը հաղթելու էր:

Այսպիսով, Բրավոն, Ադրիանոն, Բարտրան, Մասկերանոն, Մոնտոյան, Բուսկետսը, Չավին, Ռակիտիչը, Պեդրոն, Նեյմարը եւ Մեսսին դուրս էին եկել խաղադաշտ ինչ-որ հերթական հանդիպում ավարտին հասցնելու: Ներողություն եմ խնդրում, եթե դուք կհամարեք գրածս մրցակցի հանդեպ անհարգալից վերաբերմունք, սակայն լինենք ռեալիստ:

B955fS7IYAA6WeO

Իհարկե, չենք կարող չասել, որ թիմը մեկնարկային րոպեներին հաջող չէր գործում: Մասնավորապես՝ ֆուտբոլիստների փոխանցումների մեջ հուզմունք էր նկատվում, բայց դա հաշված րոպեների ընթացքում անցավ: Այսօր անհնար է չխոսել մի էակի մասին, ով լավագույնն էր խաղադաշտում, ով երեւույթ էր խաղադաշտում եւ ով անթերի էր խաղադաշտում: Խոսքը Մարկ Բարտրայի մասին է, ում կանդրադառնանք դեռ: Կիսապաշտպանությունում ամեն ինչ նորմալ էր, իսկ հարձակման գծում փայլում էր Պեդրոն: Ավելի շատ ասելու բան չկա:

 

Լեո Մեսսիի շքեղ փոխանցումից հետո 17-րդ րոպեին հաղթանակի մեկնարկն ազդարարեց Նեյմար Ժունիոր դա Սիլվան:  21 րոպե անց փայլեց Բարտրան, ում փոխանցումից հետո Մեսսին աջով գրավեց մրցակցի դարպասը՝ 2-0: Երկրորդ խաղակեսում արդեն Պեդրոյի փոխանցումից հետո Լեոն խփեց երկրորդ գոլը, իսկ 6 րոպե հետո 11 մետրանոցը հստակ իրացնելով դարձավ հետ-տրիկի հեղինակ: Գոլ համար 26 եւ առաջիկա մրցակցից Արքան ետ է 2 գոլով:

Այսպիսով, Լեո Մեսսին Լա լիգայի  պատմության մեջ դարձավ անկրկնելի: Լավագույն ռմբարկուն եւ լավագույն ասիստենտը հենց մեր թիմում է: Մնում է հոտնկայս ծափահարել:

Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո — Առաջարկում եմ այսպիսի խաղերում չիլիացուն տրամադրել աթոռ, սուրճ եւ թերթ,  որպեսզի խաղի ընթացքում անգործ չմնա: Բրավո՝ 7,5:

Ադրիանո Կորեյա — Բրազիլացին արդարացրեց խաղադաշտում լինելը: Ադրիանոն իր դիրքում լավ գործեց, իսկ դրան ավելացրեց նաեւ ֆանտաստիկ գոլի գեղեցիկ փոխանցումը: Ադրի՝ 8:

Խավյեր Մասկերանո — Արգենտինացի հակատանկայինը անսասան էր այսօր: Պաշտպանությունը ցեմենտված էր, անցումը՝ անհնար: Սակայն նրա կողքին փայլում էր մեկ այլ ֆուտբոլիստ: Այնուամենայնիվ՝ 7,5 միավոր:

Մարկ Բարտրա — Գրում էի նյութը ու ողջ ընթացքում սպասում, թե երբ է գալու իսպանացու աստեղային ժամը: Ֆուտբոլիստ, ով քիչ խաղաժամանակ է ստանում, բայց իրենից ներկայացնում է ֆանտաստիկ պաշտպանի, ով փայլուն ապագա ունի ու պետք է շատ խաղաժամանակ ստանա: Ֆանտաստիկ պաշտպանությանը գումարվեց նաեւ գրագետ գոլային փոխանցումը Լեո Մեսսիին: Եվ ասացեք խնդրեմ, ո՞վ էր խաղադաշտում գերազանցում նրան: Մարկ Բարտրան այսօր ստանում է 10 գնահատականը:

B95pEVGIMAItpWJ

Մարտին Մոնտոյա — Մոնտոյան չի հեռանա թիմից: Այդպես են դասավորվում իրադարձությունները: Այսօր նա չխաղաց բարձրակարգ թիմի դեմ, սակայն արեց այն, ինչ կարող էր: Պետք է ձգտել ավելիին: 7,5:

Սերխիո Բուսկետս — Իսպանացին շարունակում է իր դիրքում լինել լավագույններից մեկը: Ֆուտբոլիստ-մարզիչը, ինչպես նրան կոչում է Վիսենտե դել Բոսկեն, այսօր լավ խաղաց: Բուսին ստանում է 8,5 միավոր:

Չավի, Ռակիտիչ — Խորվաթաիսպանական զույգը այսօր չարեց այն, ինչ պետք է աներ: Կարող էր լինել ավելի լավ: Պասիվ աշխատանք էր ընթանում կիսապաշտպանությունում: Այսպիսով՝ 7,5 միավոր:

Նեյմար — Բրազիլացին, ով, վստահեցնում եմ ձեզ, առաջիկա տարիներին կհավակնի ու կստանա Ոսկե գնդակը, վատ չխաղաց: Սրույթուն մտցրեց խաղի մեջ, գոլ խփեց ու վաստակեց 11 մետրանոց: Ժունիորը ստանում է 8,5 գնահատականը:

Պեդրո Ռոդրիգես — Ցավոք, այսօր Պեդրիտոյին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Բայց նա աշխատեց ավելի շատ, քան կարող էր: Արեց ավելին, քան պետք էր: Կարճ ասած՝ խաղի լավագույններից մեկը, իմ կարծիքով, Պեդրոն էր: Այդ է պատճառը, որ իսպանացին ստանում է միավոր:

B95ybKhIgAARiMf

Լուիս Սուարես — Անուն ազգանունը՝ Լուիս Սուարես, աշխատանքը՝ Զլատան Իբրահիմովիչ: Վատ կատակ չէր, հումորային էջերից մեկն էր հեղինակը: Բայց թե ինչպես ես, դու, ողջ «Նոու Կամպն» ու աշխարհը ոտքի կանգնեց եւ բղավեց ուրուգվայցու շեդեւրից հետո, կարելի է պատկերացնել միայն այսպես՝

B95v778IUAA1nUM

Սուարեսն այսօր մնում է առանց գնահատականի, բայց նրա ֆանտաստիկայի մասին դեռ երկար կխոսեն:

Լիոնել Անդրես Ֆուտբոլի Արքա Մեսսի — Քննադատեք ինձ որքան ուզում եք, քլնգեք ու վատաբանեք այնքան, որքան կարող եք, ասացեք, որ ես ֆուտբոլից կիլոմետրերով հեռու եմ, որ ես ու ֆուտբոլը, ինչպես դուք ու կյոռլինգը, բայց ես իմ կարծիքը երբեք չեմ փոխելու: Ես հենց հիմա, իմ կյանքի առաջին 16 տարիների ընթացքում ականատես եմ լինում մի այլմոլորակային երեւույթի խաղին, որը արդեն 130-140-ից ավել ռեկորդ է հեղինակել իր կարիերայում, հասել  ամենին 99 տոկոսով, հասել ինքնուրույն, իր իսկ շնորհքով ու տաղանդով: Նա լավագույնն է Իսպանիայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում եւ ողջ աշխարհում: Այո՛, նույնիսկ Պելեն ու Մարադոնան, Կրույֆն ու  Մյուլլերը չեն խաղացել այնպես, ինչպես խաղում է Լեոն: Նա իր կարիերայի 60-70 տոկոսն անցնելով արդեն հասել է այս ամենին, եւ դուք դեռ լավագույնին եք փնտրու՞մ: Լիոնել Մեսսի՝ 100 միավոր:

B958SZkIIAA67FS

Կրկին երեք միավոր եւ մենք շարունակում ենք մեկ քայլ ետ մնալ ամենավերեւից, իսկ պայքարը շարունակվում է:

Այսքանը չալարելուց եւ կարդալուց հետո առաջարկում եմ այբուբենական հաճույքը փոխանակել էսթետիկականով ու վայելել հանդիպման բոլոր գոլերը:

Վերջն ավանդական ու անփոփոխ՝ Visca el Barca y Visca Catalunya ~ !

Սիրով, հաճույքով եւ հպարտությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսիի 300-րդ խաղն Իսպանիայի առաջնությունում

Next post

Բարտրա. Միշտ պատրաստ եմ օգնել թիմին

Spartak Petrosyan

Spartak Petrosyan