ԹիմԼրահոս

ArmRadio. «Բարսելոնա»- «Սևիլյա» թբիլիսյան հանդիպմանը մեծ թվով հայաստանցիներ ներկա կլինեն

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին հետևելու համար մեծ թվով երկրպագուներ են Վրաստան այցելելու հատկապես Հայաստանից, «Ռադիլուրին» հայտնել են Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից: Թբիլիսին արդեն պատրաստվում է դիմավորել հյուրերին: Կազմակերպիչները վստահեցնում են` սա մարզական մեծ տոն է լինելու ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար:

Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների` «Բարսելոնա» և «Սևիլիա» թիմերի միջև խաղը տեղի է ունենալու օգոստոսի 11–ին Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում:

«Բարսելոնայի» ֆանատներից մեկը` 18-ամյա Գեորգին երկու օր հերթ է կանգնել ու «կյանքի գնով» ձեռք բերել «Բարսելոնա»- «Սևիլիա» խաղի տոմսը: Նա «ֆուտբոլի լավագույն թիմի»` «Բարսելոնայի» հարձակվողներից Մեսսի երկրպագուն է. հագնում է նրա նկարով շապիկ, նույնիսկ սուրճի բաժակի վրա պատվիրել է Մեսիի նկարը: Երբ տաք սուրճը լցնում է բաժակի մեջ, ֆուտբոլիստի նկարը ավելի վառ գույներով է երևում։ «Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց երբևէ չեմ մտածել ֆուտբոլիստ դառնալու մասին: Ուզում եմ ուղղակի գեղեցիկ խաղի ականատես լինել»,- ասում է:

Այս օրերին, Գեորգիի նման բազմաթիվ երիտասարդների կարելի է հանդիպել Թբիլիսիի փողոցներում. նրանք աշխարհի լավագույն հարձակողական եռյակի՝ Մեսսի-Սուարես- Նեյմարի, ինչպես նաև՝ այլ ֆուտբոլիստների նկարներով հագուստ կամ իրեր են կրում: «Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ նման խումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, ժամանում է Վրաստան: Սա ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար բացառիկ երևույթ է,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարկետինգի հարցերով մենեջեր Տատա Բուրդուլին:

Ըստ նրա՝ քաղաքն արդեն պատրաստ է ընդունել ֆուտբոլասերների աշխարհի տարբեր երկրներից: «Հստակ թիվ չունենք, թե քանի Հայաստանի քաղաքացիներ են ձեռք բերել խաղի տոմսեր, սակայն biletebi.ge-ի տվյալներով, գնորդների ամենամեծ թիվը Հայաստանից ու Ադրբեջանից են: Գիտենք նաև, որ տոմսարկղերի մոտ երկու օր առաջ հերթի էին կանգնել բազմաթիվ հայաստանցիներ»:

Ըստ Տատա Բուրդուլիի՝ մեծ թվով ֆուտբոլասերն են ժամանելու նաև Իսպանիայից, Ռուսաստանից ու Թուրքիայից: Վրացի լեգենդար ֆուտբոլիստ Բորիս Փայչաձեի անվան Թբիլիսիի մարզադաշտը կարող է ընդունել 54 հազար մարդու: «Սուպեգավաթի համար ռեկորդ է խաղն անկացնել նման մեծ մարզադաշտում: Ավելի քան 10 տարի սուպերգավաթը կազմակերպվել է «Դինամոյից» անհամեմատ փոքր մարզադաշտերում»։

Սակայն խաղից առաջ տոմսերի վաճառքի շուրջ առաջացած կրքերը դեռևս չեն հանդարտվում: Վրաստանը հայտնվեց այն եզակի երկրների շարքում, որոնք չեն կարողանում տոմսերի օնլայն վաճառք կազմակերպել։ www.biletebi.ge կայքը տեխնիկական խնդիրների պատճառներով վաճառեց միայն տոմսերի չնչին մասը: Եվ բազամաթիվ օտարերկրացիներ զրկվեցին իրենց սիրելի ֆուտբոլային խմբերի խաղին մարզադաշտում հետևելու հնարավորությունից:

Թբիլիսիիում տոմսարկղերում կազմակերպված վաճառքն անցավ լարված մթնոլորտում: Նրանք, ովքեր կարողացան ձեռք բերել մի քանի տոմս, այսօր դրանք վաճառում են բավականին բարձր գներով` 100-500 դոլարի սահմաններում: «Խաղի տոմսերը վաճառվել են բավականին մատչելի գներով` 7, 14 և 30 եվրոյով: Սակայն, ինչպես ամենուր` Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ոչ ոք ապահովագրված չէ սև շուկայից, թեև համապատասխան մարմինները պայքարում են նման երևույթի դեմ»,- ասում է ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Թբիլիսիիում, մարզական տոնը դեռ չսկսված, կարծես սկանդալ է հասունանում. էներգետիկայի նախարար, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պետությունը պետք է միջամտի ֆեդերացիայի գործունեությանը. «Պետությունը ավելի քան 40 մլն լարի է ծախսում վրացական ֆուտբոլի վրա: Բայց այսօր արդյո՞ք դա երևում է մեր ֆուտբոլից»:

Իսկ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան կտրականապես հերքում է մեղադրանքները՝ խորհուրդ տալով ստուգել բոլոր ֆինանսական փաստաթղթերը:

Հավելեմ, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից հետո նշանակվելու է Ֆեդերացիայի նախագահի ընտրություն։ Արդեն հայտնի է, որ ընտրությանը մասնակցելու է կառավարության աջակցությունը վայելող նախկին ֆուտբոլիստ Լեվան Կոբիաշվիլին, ֆեդերացիան դեռևս չի հայտնել իր թեկնածուի անունը։

Աղբյուրը՝ ArmRadio

Գիտա Էլիբեկյան՝ «Ռադիոլուր»- Թբիլիսի

Մեկնաբանություններ

Previous post

Ռակիտիչ. Գերադասում ենք հաղթել պաշտոնական խաղերում

Next post

«Բարսելոնայի» փոխավագը դարձավ Մասկերանոն

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan