ԲլոգԹիմԼրահոս

Գվարդիոլայի ժամանումը Բարսելոնա հուզել է բոլորին. Եվրոպական մամուլի արձագանքը

Եվրոպական սպորտային մամուլն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ով այժմ գլխավորում է Գերմանիայի ուժեղագույն ակումբներից մեկը` մյունխենյան «Բավարիան»:

«Պեպը քանդեց այն, ինչ կառուցել էր»

Իսպանական Marca-ն, կարելի է ասել, մոռացել է «Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ» մրցակցության մասին, և ուշադրությունը սևեռել է դեպի իսպանացի մասնագետը:

«Գվարդիոլայի վերջին տարին «Բարսելոնայում» այդքան էլ հաջող չէր: Մարզչի և ֆուտբոլիստների միջև հարաբերությունները կտրուկ վատացան: «Բարսելոնայում» տիրում էր քաոսը: Ֆուտբոլիստներից ոմանք նույնիսկ չէին հարգում Պեպին, իսկ վերջինս իր զայրույթը թափում էր ակումբի աշխատակիցների վրա: Վստահությունը բացակայում էր …

Պեպի համբերության բաժակը լցվեց «Ատլետիկի» դեմ խաղից առաջ, երբ թիմի ֆուտբոլիստները սկսեցին անվայել խոսքեր հղել վերջինիս հասցեին: Այն, ինչ արել էր Պեպը «Բարսելոնայի» համար` քանդվե՛ց: Անցել են տարիներ, սակայն վերքերը դեռ բաց են մնացել: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կփորձեն ապացուցել, որ նվաճված տիտղոսները ոչ թե Պեպի, այլ հենց իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է»,- գրել է Marca-ն:

«Ռեալը` մրցակցի լավագույն տարբերակ»

Ըստ La Gazzetta Dello Sport-ի` Մադրիդի «Ռեալը» ներկայումս ապրում է ոչ այնքան լավ ժամանակներ:

«Որքա՞ն տարօրինակ է այս աշխարհը: «Յուվենտուսի» երկրպագուները ցանկանում էին տեսնել որպես մրցակից Մադրիդի «Ռեալին», չնայած նրանց նվաճած տիտղոսների քանակին: Ասված է` կարվի: ՉԼ-ի կիսաեզրափակչի վիճակահանությունը հենց թուրինյան ակումբի երկրպագուների սրտով էր: «Ծեր սենյորայի» երկրպագուներից ոմանք ցանկանում էին տեսնել նաև թիմի նախկին գլխավոր մարզչին` Կառլո Անչելոտիին»,- գրում է իտալական պարբերականը:

«Բարսելոնան»` աշխարհի լավագույն ակումբ

Գերմանական Kicker-ի հեղինակներից մեկը` Մունիր Զիտունին, չնայած մյուսների երազանքներին, նշում է, որ «Բարսելոնան» ֆավորիտ է «Բավարիայի» դեմ խաղում:

«3 տարի առաջ Գվարդիոլան ինքնակամ լքեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, որպեսզի վերականգնվի և մաքրի գլուխը, իսկ սույն թվականի մայիսի 6-ին վերադառնա «Կամպ Նոու» արդեն այլ ակումբի հետ: Հնարավոր է, որ Գվարդիոլայի վերադարձը լինի անչափ զգացմունքային: Կարծում ենք, որ Գվարդիոլայի` «Բարսելոնայի» դեմ հանդիպումը կարող է լինել ընթացիկ մրցաշրջանի ամենահետաքրքիր խաղը:

Իսպանացի մասնագետի առջև դժվարին առաջադրանք է դրվել: «Բարսելոնան» 3 տարի անց ավելի է հզորացել և պատրաստ է մրցակցել յուրաքանչյուր ակումբի հետ: Թիմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեյմարը, Լուիս Սուարեսը, Լեո Մեսսին, Խերարդ Պիկեն, Անդրես Ինիեստան … Գվարդիոլան հստակ գիտի, որ «Բարսելոնան» ներկա պահին աշխարհի լավագույն ակումբն է:

Մատիաս Զամերը երկու թիմերի հակամարտության հնարավորությունները հավասար է գնահատել: Նա կոչ է արել Գվարդիոլային շատ մտածել:

«Պորտուի» դեմ խաղում թիմն ապացուցեց, որ չի պատրաստվում դուրս մնալ պայքարից, սակայն «Բարսելոնան» «Պորտու» չէ»,- գրել է Kicker-ի լրագրողը:

Մեկնաբանություններ

Previous post

Դարմիանը` «Բավարիայի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Next post

Լուիս Էնրիկե. Առջևում դեռ 5 հանդիպում կա

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan