ԲլոգԼրահոս

Հույս տվող ծույլերը… «Խետաֆե»-«Բարսելոնա»՝ 0-0

Այնքան հեշտ է գերազանց ու հաղթական խաղից հետո մտնել կայքի կառավարման վահանակ ու սկսել գեղեցիկ մտքեր շարադրել՝ գովելով թիմի բոլոր ֆուտբոլիստներին, մարզչին, եւ չեք պատկերացնի, թե որքան դժվար ու նյարդային պահեր եմ ապրում՝ նմանատիպ խաղերից հետո նույն կառավարման վահանակը բացելուց հետո:

Ո՛չ, մենք այսօր չենք խաղացել ոչ ոքի, մենք այսօր պարտվել ենք, պարտվել ենք մեր «ցուցադրած» ֆուտբոլով: Պետք չէ ձեւանալ մոլի երկրպագու ու կույր դառնալ: Մենք տարբերվում ենք ուրիշներից, դա է մեր առավելությունը: Մենք ոչ մի մրցավարի չենք վերագրում մեր պարտությունները, երբեք ֆուտբոլը չենք շփոթում  ջրացատկի հետ, մենք խաղում ենք այնպես, ինչպես կարող ենք, ավելի ճիշտ՝ ինչպես ցանկանում ենք: Դա է մեր խնդիրը: Ոչ մի մրցավար չի կարողանա խանգարել մեզ ցանկացած խաղում, եթե մենք ցանկանանք, եթե Էնրիկեն կարողանա տրամադրել իր տղաներին, եթե հոգեբանորեն ու ֆիզիկապես թիմը պատրաստ լինի: Պետք չէ ոչ մի պատճառ փնտրել, ամեն ինչ ճիշտ է ու կարգին: Ամեն ինչ իր տեղը կընկնի վերջում, երբ մենք կցնծանք, իսկ դրա համար պետք է միայն հավատալ, հավատալ, որ այն ծույլերը, որոնք զլանում էին այսօր վազել, ուժ ու եռանդ ներդնել, ուղիղ 5 ու կես ամիս անց կստիպեն մեր բոլոր հարեւաններին արթնանալ քնից ուշ գիշերով, երբ, միգուցե Մեսսին, Սուարեսը կամ էլ Նեյմարը, կամ առավել եւս Դոն Անդրեսը եզրափակիչ խաղում պատմություն կկերտեն, երբ մեր բոլորի աչքերը ակամայից կլցվեն երջանկության արցունքներով, երբ աշխարհում մի պահ ամեն ինչն ու ամենքը կվերանան ու կմնան միայն մեր կապտանռնագույն թիմը, արյունն ու ավյունը: 

Այսօր ոչ մի ֆուտբոլիստ գնահատական չի ստանա, ոչ մեկ չի  արժանանա գովասանքի խոսքերի եւ հակառակը: Ոչ մի Մեսսի չի դառնա Արքա, չի կերտի պատմություն եւ հպարտանալու առիթ տվող եւս մի քանի շռայլ նախադասություն իր պատվին չի ստիպի գրել:
Մեզ չորս միավոր է բաժանում, իսկ մենք ետ ենք բերելու, հասնելու ու շրջանցելու ենք, հաղթելու ենք ու տոնենք ամենայն շուքով: Պարզապես պետք է հավատալ ու երբեք չկոտրվել հոգեպես: Ես հավատում եմ, ես կտեսնեմ այդ ամենը:

Եվ միեւնույնն է, ես չե՛մ խախտի ավանդույթները: Visca el Barca, y Visca Catalunya !!!

 

Հույսով, հավատով, ուժով ու վստահությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

«Խետաֆե» - «Բարսելոնա». Ուղիղ եթեր

Next post

Սուբիսարետա. Մրցակիցը մեզ ազատ տարածություն չէր տալիս

Spartak Petrosyan

Spartak Petrosyan